Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

«Իմ աշխատանքը, իմ երազանքը մնաց անավարտ»

«Իմ աշխատանքը, իմ երազանքը մնաց անավարտ»
28.04.2023 | 10:39

1919 թ. գարնանը Զորավար Անդրանիկն իր զորքով լեռնանցում կատարելով Զանգեզուրի վրայով` բռնեց Արարատյան դաշտի ուղղությունը: Հասնելով Էջմիածինի տաճարի պատերի տակ` բոլորը հոգնատանջ նստեցին, վայր դրեցին զենքերը, ամբողջ ռազմական հանդերձանքը, իրենց մոտ եղած հայկական քաղաքների դրոշակները: Բոլորը շունչները պահած սպասում էին Զորավարի խոսքին, և ահա նա խոսեց.
- Իմ փառապանծ, հավատարիմ զինվորներ, ժամանակն է մեր բաժանման: Ավարտված է մեր մարտական արշավը: Մեր զենքն ու դրոշակները հանձնեցինք հայ կաթողիկոսին: Բաժանումից առաջ ուզում եմ ասել, որ ես էլ ձեզ պես ժողովրդի ծոցից եմ ելած, ձեզ նման զինվոր եմ: Ես արդեն հիսունչորս տարեկան եմ ու դեռևս ամուսնացած չեմ: Ձեզ հետ միասին պայքարել եմ ազատ կյանքի համար, ազգի պատվի համար. այդպիսին է եղել մեր կյանքը: Հայաստանի երկինքն է եղել մեր հովանին: Իմ զինվորական կյանքը սկսել եմ հայդուկների հետ: Իմ փափուկ բարձը Սասնա լեռներն են: Զենքը ձեռքիս` ձիով ու սրով անցել եմ ամբողջ Հայաստանը ծայրից ծայր:
Դուք` իմ զինվորներ, դուք անսովոր մարդիկ եք, դուք կրակե սերունդ եք, որ դուրս է եկել Սասնա առասպելական լեռան հետևից: Հարազատներս, ես մտածում եմ, որ բազմաչարչար հայ ժողովուրդը, որ այնքան տառապանքներ է կրել, պետք է վերածնվի: Նա պարզապես պարտավոր է դա անել: Նա պետք է պահպանի ու շարունակի իր նախնիների ավանդույթները, զարգացնի իր ազգությունը: Այլևս ձեզ ասելու բան չունեմ: Ես այժմ միայն իմ գլխի տերն եմ: Դուք ազատ եք, հողը մերն է, չորս կողմը հայեր են, կարող եք առաջվա պես ծառայել հայ ժողովրդին, ինչպես ծառայել եք մինչև այժմ:
Ովքեր ուզում են ինձ հետ մնալ, ես կվերցնեմ հետս: Ես մեկնում եմ` իմ սրտի կեսը թողնելով այստեղ, հուսալով երբևէ վերստին ձեզ տեսնել: Ձեզ բարի ճանապարհ, և թող օրհնվի մեր ընկած հերոսների պայծառ հիշատակը:
Գնաց ընդմիշտ Զորավարը` ճանապարհին մտորելով. «Իմ աշխատանքը, իմ երազանքը մնաց անավարտ»:
Ապրիլի 27-ին հայդուկների առաջնորդն իր հետ վերցրեց երկու հարյուր յոթանասուն զինվոր և հեռացավ Հայաստանից: Գնաց Վրաստան, նա երկար չմնաց այնտեղ: Վերցրեց զինվորներին ու հասավ մինչև Սև ծով: Զինվորների մեծ մասին աշխատանքի տեղավորեց Բաթումում, ոմանց ուղարկեց Բուլղարիա և Ռումինիա, իսկ մի քանիսն էլ Հաջի Գևոյի հետ վերադարձան Հայաստան:
Զորավարն իրեն նվիրված մի քանի զինվորներով անգլիական նավով մեկնեց Եվրոպա, ապա Ամերիկա, Կալիֆորնիա, այնուհետև Ֆրեզնո, ուր ապրեց ու աշխատեց մինչև իր կյանքի վերջին օրերը:

Թեհմին ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարում` Զորավարն Էջմիածնում

Դիտվել է՝ 5722

Մեկնաբանություններ